Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՀՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՈՐԴԻՆԵՐԻ ՏՆԵՐԸ, ԻՍԿ ՄՈՐ ԱՆԵԾՔԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԻՄՔԵՐԸ»

«ՀՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՈՐԴԻՆԵՐԻ ՏՆԵՐԸ, ԻՍԿ ՄՈՐ ԱՆԵԾՔԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԻՄՔԵՐԸ»
14.01.2011 | 00:00

(ըստ Սուրբ Գրքի)
Քանի որ այսօրվա երեխաները մեր ընտանիքների պտուղներն են և ազգի ապագա կենսունակության բջիջները, ապա անհրաժեշտ է ամեն գնով պահպանել այդ մանուկ-բջիջների անաղարտությունը և չթողնել աշխարհի ապականիչ ու կործանարար թույնը թափանցի մեր երեխաների սրտերը, որ հետագա պտուղները բարի և ուրախարար լինեն։
Այդ պատճառով ինչպիսի հասարակարգում էլ մարդն ապրելիս լինի, ընտանիքը միշտ եղել և մնում է ազգի հարատևության ու կենսունակության ամենակարևոր չափանիշը: Առո՞ղջ է ընտանիքը, ուրեմն առողջ ու կենսունակ է ազգի գենետիկական հիմքը։ Եվ զուր չէ, որ Սուրբ Գրքում աշխարհի վերջի, այսինքն` ժամանակների վախճանի և Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին եղած բազմաթիվ նշանների ու մարգարեությունների մեջ հատկանշական են ծնողներ-երեխաներ փոխհարաբերության մասին մարգարեությունները, որոնցից մեկն այս է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ կունենան աստվածապաշտության կերպարանք, բայց Աստծո զորությունն ուրացած կլինեն» (Բ Տիմոթեոս, Գ 1-5):
Բայց մինչ այդ, քննենք ինքներս մեզ, թե ինչպես ենք վարվում մենք մեր երեխաների հետ, քանզի ինչ ցանում ենք այժմ, դրա պտուղներն էլ պիտի հնձենք հետո։
Սկսենք նրանից, որ շատերս մեր երեխաներին դարձրել ենք կուռք և գիշեր-ցերեկ նրանց ցանկությունների բավարարման համար ենք աշխատում, որ հանկարծ «խեղճ» երեխան մի բան պակաս չունենա մյուսներից։ Իսկ թե այդ երեխան որքան է առաջ կամ հետ մնում մյուսներից իր պարկեշտ ու բարի վարքով, ամենաքիչն է հետաքրքրում ծնողներին։ Շատերս ենք ականատես եղել, թե ինչպես են «մի մատ» երեխաները թավալ տալիս գետնին ու լացով, գոռալով պահանջում իրենց ուզածը, իսկ ծնողը շուրջը պտտվելով, փորձում է հանգստացնել երեխային ու խոստանում կատարել նրա ուզածը։ Վերջ, այդ երեխան իր ցանկությունների գերին է դարձել ու մինչև կյանքի վերջն էլ կմնա գերի, եթե ինքնագիտակցության հասնելուց հետո ինքն անձամբ չպայքարի դրանց դեմ։ ՈՒ քանի որ դալար տունկը արդեն հաստաբուն ծառի է վերածվել, ապա չափազանց դժվար է լինելու պայքարը այդ կործանարար ցանկությունների դեմ, հաճախ նաև Աստծո անմիջական միջամտությունն է անհրաժեշտ լինում։ ՈՒրեմն մեր երեխաներին ամենամեծ բարությունն արած կլինենք, եթե հենց մանուկ հասակից օգնենք իր միջի «կապրիզը»` չար ցանկությունները արմատախիլ անելուն։ Սողոմոն իմաստունն ասել է. «Մանուկի սրտի մեջ հիմարությունը կապված է, այն խրատի գավազանը կհեռացնի նրանից։ Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես դժոխքից» (Առակաց 22.15 և 23.13):
Իսկ այն ապականիչ ու կործանարար սովորությունը, որ հիմա պարտադրում են մեր ապագա սերնդին, պարզապես եղեռնագործություն է։ Խոսքը «շոու» համերգների մասին է, երբ մանկահասակ, դեռատի երեխաները կիսամերկ հագուստներով, օտար ազգերի վավաշոտ պարերն են ընդօրինակում։ Դրանց զուգահեռ է նաև, երբ ինչ-որ մեծ-մեծ, պաշտոնավոր «ձյաձյաներ» մանուկ աղջիկների գեղեցկության մրցույթներ են կազմակերպում, որոնք, ի վերջո, վերածվելու են այդ մանուկների հոգու տգեղության, քանզի հպարտության թթխմորն է նրանց ապականելու։
Էլ չեմ խոսում մեր հեռուստապղծությունների մասին, որոնք գիշեր-ցերեկ լլկում են մանուկ հոգիները։ Արարիչ Տերը խիստ նախանձախնդիր է մանուկների համար, այդ պատճառով Հիսուսը մի անգամ ասաց. «Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթեոս 18.6)։
Երբեմն ծնողները հարց են տալիս. թե կարելի՞ է երեխային ծեծելով պատժել։ Այս հարցը վաղուց է հայտնի մեր քրիստոնյա ազգին, քանզի մեր իմաստուն նախնիները անխրատ չեն թողել զավակներին ու երբեմն ցավոտ ապտակներ ու գոտու հարվածներ են հասցրել նրանց, քանզի ապագա կործանումն են տեսել։ Պատմում են, որ մի անգամ Նապոլեոն Բոնապարտը փողոցում տեսել է մի ծերունու, որը երեխայի նման հոնգուր-հոնգուր լալիս էր։ Զորավարը հետաքրքրությունից դրդված հարցնում է նրան, թե ի՞նչն է նրա լացի պատճառը։ Նա լացակումած պատասխանում է, որ իր հայրն է ապտակել ինչ-որ արարքի պատճառով։ Երբ գնում, գտնում են այդ ծերունու հորը, տեսնում են մի զառամյալ ու պատկառազդու այրի, որը չէր դադարել իր ծնողական պարտքը կատարելուց ու որդուն խրատելուց։ Այնպես որ, այն ծնողները, ովքեր կողմնակից չեն ցավոտ պատժին, իրենք են հետագայում ցավոտ պատժվելու, տեսնելով իրենց երեխաների կործանարար ընթացքը։ Եվ, ի վերջո, աստվածաշնչային բազում օրինակներն ապացույց են այն բանի, որ Աստված Ինքն է հորդորում երեխաներին երբեմն ըստ հարկի խրատել գավազանով։ Բայց այս հարցում ծնողներին հետևյալ խորհուրդը տանք. երբ բարկացած ես ու գրգռված, երեխայիդ վրա ձեռք մի՛ բարձրացրու, քանզի այն վատ ու չար հիշողություն է թողնում մանուկի հոգում։ Երեխային խրատիր` իր արարքի վնասակար մեծությունը ու դրա ապագա վտանգները ցույց տալով, որ նա այնուհետ գիտակցաբար մոտենա իր հետագա քայլերին։ Հույն փիլիսոփաներից մեկն է ասել. «Եթե բարկացած չլինեի, քեզ կապտակեի»։
Նմանապես մանուկ հոգիների համար մեծ լումա ունեցող, երեխաների համար բազում հանելուկների հեղինակ Ներսես Շնորհալին է զգուշացրել ծնողներին, որ իրենց բարկության թույնը երեխաների վրա չթափեն, այլ խոհեմաբար վարվեն այդ նուրբ հոգիների հետ և Տիրոջ երկյուղով դաստիարակեն նրանց, քանզի Աստծո երկյուղը կրող երեխան բազում չարիքներից հեռու կմնա իր մնացած կյանքում։
Իսկ այժմ, որպես օգնություն հայ ընտանիքին, տպագրում ենք այս փոքրիկի ծաղկաքաղը, կազմված սուրբ հայրերի խրատներից ու վկայություններից:
«Նախ ինքդ եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես ուրիշին դարձնել:
Ինչպես ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել, երբ ինքդ ես անկարգ կյանք վարում»:

Սուրբ Բարսեղ Մեծ
«Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր մատով ուղղես, այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե՛ լավ, թե՛ վատ կողմեր:
Իրենց երեխաներին ինչպես հարկն է չդաստիարակող ծնողները, նրանց ծնում են այն ժամանակավոր կյանքի համար և բացում են նրա առջև հավիտենական մահվան դռները»:

Երանելի Հերոնիմոս
«Ծնողները ոչ միայն իրենց մեղքերի համար կպատժվեն, այլև իրենց երեխաների, եթե նրանց առաքինաբար չդաստիարակեն»:
«Այգեպանը մատաղատունկը նախ կապում է հողի մեջ ամրացված փայտի հետ, որ քամին չվնասի, հետո աստիճանաբար կտրատում է ավելորդ ճյուղերը, որ չվնասեն ու չորացնեն տունկը: Այդպես էլ դուք ձեր երեխաների հետ վարվեք, նրանց սրտերը նախ Աստծո վախով հաստատեք, որ նրանք չտարուբերվեն զանազան գայթակղություններից, հետո կտրատեք նրանց մեջ առաջացող մոլությունները, որ դրանք չզորանան ու սպանեն ներքին մարդուն, որ վերստին ծնվում է Սուրբ ավազանի մկրտությամբ»:
«Չկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը:

Քանդակագործը անկենդան մարմին է ստեղծում, իսկ իմաստուն դաստիարակը` կենդանի պատկեր, որին նայելով ուրախանում են թե՛ Աստված և թե՛ մարդ»։
«Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, նվազ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան»:
«Հաճախ ծնողներից շատերն ամեն ինչ անում են, որ զավակն ունենա հիանալի ձի (այժմյան չափանիշով՝ մեծարժեք մեքենա- հեղ.), սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ, նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հենց այս է սասանում ամբողջ տիեզերքը:
Երեխաների բարեպաշտության դաստիարակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդառնանք ավելի երեխայասպան, քան ծնող»:

Հովհաննես Ոսկեբերան
«Ծնողներից գոհացողը Աստվածասեր մարդ է»:
«Հոր և մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է»:
«Անխրատությունը բոլոր ախտերի մայրն է»:

Հայր Եվագր
«Հարկավոր է սիրել ծնողներին, բայց գերադասել Փրկչին»:
Սուրբ Օգոստիանոս
«Ծնողները, երբ իրենց երեխաներին պիղծ գործերի մեջ տեսնեն և ամոթի պատճառով թաքցնեն, մեղքն իրենց գլուխը լինի ու յոթ տարի պիտի ապաշխարեն»:
Կանոն Սուրբ Բարսեղի ԽԳ
«Քրիստոնյաները սրբությամբ ու անարատությամբ պետք է դաստիարակեն իրենց երեխաներին և զգույշ լինեն մկրտությունից մինչև չափահասություն: Երբ սկսի զգալ, պետք է խաչակնքել սովորեցնել, երբ ոտքի կանգնի՝ ծնրադրությունը, իսկ երբ խոսել սկսի՝ մկրտության ժամանակ կնքահոր արտասանած հավատի խոստովանությունը սովորի (ինչպես նաև «Հայր մեր» աղոթքը):
Յոթ տարեկանից բարձր մանուկը պետք է խոստովանություն սովորի, իսկ ծնողները զգուշությամբ և պատրաստակամությամբ պետք է կրթեն իրենց զավակներին խնամեն, պահեն, չթողնեն, որ պարապ թափառեն, տեսնեն, լսեն ու սովորեն մեղսագործել: Աստծո ատյանի առջև ծնողները նրանց չարիքների պատասխանատուն են»:
«Մանուկի միտքը հստակ հայելու է նման. անխրատ մի թող, որ մեղքի ժանգը նստելով` չապականի այն»:
«Ոչ միայն գրքերն ու օրենքներն են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչունները բնությամբ ծնողասիրություն ունեն: Օրինակ, արագիլների համար ասում են, թե երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց այնպես, ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին: Արդ ամոթ է, որ մարդիկ թռչուններից ավելի վատթար գտնվեն և ծնողների սնունդն ու բարիքը մոռանան»:
«Ծնողներիդ հնազանդվիր և նրանց պատվիր, որովհետև Աստծուց հետո մարդու բարերարները ծնողներն են»:

«Պատվեք ձեր ծնողներին, որոնք Աստծուց հետո ձեր ծննդյան պատճառն են: Նրանց ծերությանը խնամք տարեք և նրանց հրամաններին հնազանդվեք, որ օրհնության արժանի լինեք»:
Հովհաննես Երզնկացի
«Ով գայթակղեցնում է փոքրիկներից մեկին,՝ արժանի չէ նույնիսկ գերեզմանի, իսկ ով շատերի կորստյան պատճառ է դառնում, նրան ի՞նչ ասես, արդյո՞ք չդարձավ սատանայի գործակից և նրա հետ էլ կտանջվի գեհենում»:
Եզնիկ Կողբացի
«Զավակներիդ խրատիր, որ մենք պատահաբար կամ առանց խորհուրդի չեկանք այս անցավոր ու փխրուն կյանք, որը լի է դառնությամբ, այլ առաքինի պատերազմի և բարեգործ աշխատանքի համար»:
Սարգիս Շնորհալի
«Բազում պատճառներում ծնողները պատվի են արժանի: Նախ, որ Աստծո պատկերն են և խորհրդավորաբար Աստծուն տրվելիք պատվին են արժանի, որպես ծնող: Երկրորդ, քանի որ գործիք են` Աստծո պատկերը մեզ վրա ձևավորելու համար, որովհետև առանց ծնողների Աստված ոչ հոգի է ստեղծում և ոչ էլ մարդ կազմավորում որովայնի մեջ»:
Գրիգոր Տաթևացի
«Դուք ձեր զավակներին այնպես օրհնեք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչեն ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան:
Դուք ձեր զավակներին օրհնեք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյայց եկեղեցին սիրեն, Թադեոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն: Օրհնեք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն»:

Խրիմյան Հայրիկ
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
«Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է իր որդուն»:
«Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես դժոխքից»:
«Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն և արծիվների ձագերը պիտի հոշոտեն»:

Առակներ ԺԳ, 13, ԻԳ 14, 15, 17
«Ով իր հորը կամ մորը անիծի, անշուշտ պիտի մեռցվի, նա իր հայրն ու մայրը անիծեց, նրա արյունը իր գլխին լինի»:
Ղևտական Ի, 9
«Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը»:
Սիրաք Գ 11
«(Վերջին ժամանակներում) եղբայրը եղբոր մահվան պիտի մատնի, և հայրը որդու և որդիները հայրերի դեմ պետք է ելնեն ու սպանեն նրանց»
Մարկոս ԺԳ,12
«Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների: Որն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետև, եթե մնաք առանց խրատի, որին բաժնեկից են բոլորը, ապա խորթ եք, ո՛չ հարազատ որդի»:
«Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք խրատում են մեզ, որչափ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք»:

Եբրայեցիներ, ԺԲ, 7-9
Քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ